Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Յուրաքանչյուր ճաշակի տեր մարդ պետք է իր իրավունքը հարգված զգա»

«Յուրաքանչյուր ճաշակի տեր մարդ պետք է իր իրավունքը հարգված զգա»
18.08.2009 | 00:00

«ՀԱՐԳԵՆՔ ՓՈՔՐ ԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»
«Հովեր» երգչախումբը գործում է 1992 թվականից: Այս տարի այն ստացել է պետական գրանցում: Այդ կարգավիճակում իրականացրած առաջին ստեղծագործական նախագիծը Աննա Ազիզյանի երաժշտությամբ Արթուր Մանուկյանի բեմադրած «Զուգահեռ» ներկայացումն է «Գոյ» թատրոնում: Խմբերգային նորաոճ ժանրում արված այս ներկայացումն ունի, անշուշտ, իրեն սպասող և գնահատող հանդիսատես: Բայց և խոստովանենք՝ այդպիսիք մեզանում շատ չեն: «Հովերի» գեղարվեստական ղեկավար ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մեզ հետ զրույցի ընթացքում անդրադառնում է այս հարցին:
-Սոնա՛, ինչպե՞ս է սկսվել «Հովերի» համագործակցությունը «Գոյ» թատրոնի հետ:
-Առանձնապես սերտ առնչություններ չունենք «Գոյի» հետ: Դեռ 1998 թվականին, երբ «Գոյը» սրահ ուներ (արվեստի աշխատողների տան տարածքում), մենք այնտեղ ամանորյա համերգ-ներկայացում անցկացրեցինք: Ներկայացումը պատմում էր հրեշտակի մասին, որը յուրացնում է Ավետարանը: Մենք սովորաբար համերգասրահներում ենք ելույթ ունենում, բայց քանի որ նաև թատերականացված գործեր ենք ներկայացնում, անհրաժեշտություն է ծագում հանդես գալ թատերական բեմում, թատերական միջավայրում: Բազմաթիվ համերգների, նախագծերի շրջանակներում աշխատել ենք Արմեն Մազմանյանի հետ: Իսկ «Զուգահեռը» Արթուր Մանուկյանը որոշեց ներկայացնել «Գոյ» փորձարարական թատրոնի բեմում, որովհետև, հակառակ տարածքի նորոգման հետ կապված խնդիրներին, «Գոյ» թատրոնն աշխատանքի տրամադրող միջավայր է: Այստեղ ոչ թե ամեն բան, մաքուր, անթերի վիճակում է, ինչպես շատ ուրիշ տեղերում, այլ մի տեսակ աշխատանքային, լաբորատոր մթնոլորտ է: Իհարկե, լավ կլինի, որ «Գոյը» նորոգվի, բարեկարգվի, բայց ինձ համար շատ ավելի կարևոր և գնահատելի է նրա ներկայիս վիճակը, քան ուրիշ հսկա դահլիճներն ու ճռճռան միջավայրերը: Անշուշտ, եթե ներկայացման մեջ հանդես են գալիս 26-27 հոգի, որոնք գրեթե անընդհատ և միաժամանակ բեմի վրա են, նրանց ավելի ընդարձակ, ավելի մեծ տարածք է հարկավոր: Դա հասարակության կողմից ընկալվելու առումով էլ ավելի շահեկան կլիներ: Բայց մենք, այնուամենայնիվ, նախընտրում ենք այդ տարբերակը: Մյուս տարի նախաձեռնում ենք անել նոր ներկայացում, այն քննարկումների փուլում է, և վաղ է այդ մասին հստակ խոսք ասել: ՈՒզում ենք, որ այն լինի արդիական, հնարավորինս քիչ վերամբարձ: Աշխատում ենք Վաչե Շառաֆյանի, Միսակ Խոստիկյանի հետ: Առայժմ չգիտեմ, թե մեր տվայտանքները մեզ ուր կտանեն: Գուցե և ոչինչ չստացվի:
-Պետական կարգավիճակ ստանալուց հետո Ձեր «տվայտանքները» չե՞ն տանում սեփական թատրոն ունենալու երազանքին: Թե՞ դա մեծ ուտոպիա է:
-Իսկապես, ուտոպիա է: Իհարկե, շատ տհաճ է, երբ ուրիշի տարածքում ներկայացում ես անում և հաջորդ օրն իսկ պիտի հավաքես դեկորներդ ու ազատես այն: Բայց եթե անգամ իմ տարածքն ունենայի, միևնույն է, ստիպված էի լինելու յուրաքանչյուր ելույթից հետո բեմն ազատել և տրամադրել նաև ուրիշներին: Այնպես որ, մենք նման երազանքներ չունենք: Տարիներ շարունակ գործող, կայացած թատրոնները չունեն սեփական դահլիճ, ինչպես Դադասյան Ժիրայրը: Էլ ի՞նչ խոսք կարող է լինել «Հովերի» մասին: Մենք, այնուամենայնիվ, համերգային կոլեկտիվ ենք, ֆիլհարմոնիկ նվագախմբին կից երգչախումբ:
-Ի՞նչ կարծիքի եք փոքրիկ երաժշտական կոլեկտիվների մասին, ինչպիսիք են «Գեղարդը», «Օշականը»: Նրանց գոյությունը Ձեզ համար ինչ-որ տեղ մրցակցային դաշտ չի՞ ենթադրում:
-Նախ՝ «Գեղարդը», «Օշականը» երգչախմբեր չեն, անսամբլներ են: Դա բոլորովին այլ պրոֆիլ է, և մրցակցության մասին խոսք լինել չի կարող: Մինչև 12-հոգանոց խումբը չի կարող համարվել երգչախումբ: Նրանք իրենց գործը լավ են կատարում, և ուրախալի է, որ գոյություն ունեն:
-Վերջին շրջանում աշխուժություն կա նաև բուն երգչախմբային կյանքում: Այս մասին ի՞նչ կասեք:
-ՈՒրախ եմ, որ շատանում են երգչախմբերը: Փա՜ռք Աստծո, վերջերս պետականացան և՛ մեր երգչախումբը, և՛ կամերայինը, և՛ Հարություն Թոփիկյանի ղեկավարած Երևանի կամերային երգչախումբը:
-Ի՞նչ հարաբերությունների մեջ է փորձարարական, մոդեռնիստական «Հովերը» տրադիցիոն երգչախմբերի հետ:
-Հրաշալի համագործակցում ենք միմյանց հետ: Վկայությունը համատեղ ծրագրերն են: Օրինակ՝ այստեղ էր եկել Ջոն Նելսոնը, և «Հովերը»՝ Ռոբերտ Մլքեյանի և Հարություն Թոփիկյանի երգչախմբերի հետ համատեղ, կատարեց Բեթհովենի «Սոլեմնիս» մեսսան: Մենք պատրաստ ենք ցանկացած համագործակցության: Վերջերս կայացած բաց երաժշտական փառատոնի բացմանը ներկայացրինք Էդվարդ Միրզոյանի երկու շաբաթ առաջ գրած խմբերգը: Այսինքն՝ դա ամենատրադիցիոն կատարումն էր, ավելի տրադիցիոն պարզապես չի կարող լինել: Մեր երգչախումբն այնպիսին է, որ աշխատանքն է մեզ գտնում, ոչ թե մենք ենք փնտրում այն: Մեր պատվերները, մեզ արվող առաջարկները շատ են ու բազմաբնույթ: Հոկտեմբերին Երևան է գալու Քշիշտոֆ Պենդերեցկին, նախապատրաստվում ենք այդ իրադարձությանը:
-Նրա նախորդ այցելության ժամանակ «Հովերը» ակտիվորեն մասնակցեց համերգային ծրագրին:
-Այո՛, մասնակցել ենք Երևանում անցկացված և՛ Պենդերեցկու, և՛ Շչեդրինի օրերին: Բայց ցավոք, երբ ձեռքս ընկավ վերջին տարվա «XXI-ի հեռանկարներ» փառատոնի անթոլոգիան, նկատեցի, որ «Հովերը» հիշատակված է շատ մակերեսային` մեկ տողի սահմանում, մինչդեռ մենք իսկապես լուրջ դերակատարություն ունենք այդ փառատոնի շրջանակներում: Անգամ փառատոնի ղեկավարները տեղյակ չէին, որ նման բացթողում է եղել: ՈՒ ես անպայման ուզում եմ շեշտել այդ փաստը: Փառատոնի ինֆորմացիոն պրոդյուսեր «Շարմը», իհարկե, հրաշալի գործ է անում, կարևոր աշխատանք է կատարում, ինքս բարձր եմ գնահատում նրանց աշխատանքի որակը, բայց միայն նախասիրությունններով առաջնորդվելը, ըստ իս, այնքան էլ պրոֆեսիոնալ մոտեցում չէ:
-«Հովերը» նաև Հայաստանից դուրս է ակտիվ կյանքով ապրում: Ի՞նչ կպատմեք այս մասին:
-Այո՛, «Հովերը» շատ շրջագայած երգչախումբ է: Բավական է թվարկել միայն այն երկրների անունները, որտեղ մենք եղել ենք: Դժվարին այս տարիներին մենք բազմաթիվ ուղևորություններ ենք ունեցել և դեռ կունենանք: Շատ եմ ուզում, որ մեր վերջին ներկայացումն ունենա իրեն արժանի իրական կյանք: Այս ներկայացման մասին թեև խոսեցինք, բայց ուզում եմ կրկին անդրադառնալ և ասել, որ բացառիկ եմ համարում Արթուր Մանուկյանի աշխատանքը: Ընդամենը երկու տողով կարողանալ ներկայացնել մի քանի դասական գրական երկ, այն էլ՝ երաժշտական լուծումներով, ամեն ռեժիսոր չէ, որ կարող է: Բայց ես չեմ ուզում միայն խոսել մեր հասցեին հնչած գովեստների մասին, որոնք բավական շատ են: Փա՜ռք Աստծո, մենք իսկապես գնահատված ենք: Բայց, այնուամենայնիվ, ականջիս խոսակցություններ են հասել, թե երգիչների դերասանական դրսևորումները թույլ են, պակաս պրոֆեսիոնալ: ՈՒզում եմ հարց տալ այդպես մտածողներին. եթե դերասանը երեք ամսում սովորում է որևէ երաժշտական գործիք նվագել և, ի վերջո, նվագում է բեմի վրա, երաժիշտը նրանից պիտի պրոֆեսիոնալի որակնե՞ր ակնկալի: Ես, իհարկե, արդարանալու խնդիր չունեմ, քանի որ «Զուգահեռ» ներկայացման մեջ դրված է դերասանական նոր տեսակի խնդիր: Դերասան-երգիչ, դերասան-երաժիշտ կատարող. միևնույն մարդը նվագում է, երգում, խաղում: Սա դերասանի նոր տեսակ է: ՈՒղղակի պետք է հասնել այնպիսի բյուրեղացման, այնպիսի մաքրամաքուր դրսևորման, որը կապշեցնի և հարցեր չի առաջացնի: Ինձ շատ մտահոգում են այս հարցերը: Բայց կարծում եմ, որ «Զուգահեռ» ներկայացումը պետք է դիտարկել որպես ձեռքի աշխատանք՝ բառիս բուն իմաստով: Երբ ձեռքով և հաստոցով պատրաստված կավե ամանները դրված են իրար կողքի, տեսնում ու հասկանում ես, որ առաջինը կատարյալ չէ, նրանում անհարթ, չհղկված բաներ կան, իսկ երկրորդը հարթ է ու անթերի: Բայց չէ՞ որ ձեռքով պատրաստվածն ավելի թանկ արժե: Ես այս արժեքն եմ փորձել ստանալ «Զուգահեռ» ներկայացումով: Եվ այս թեմայով պատրաստ եմ անվերջ բանավիճելու: Նույնիսկ շատ հղկված ելույթների մեջ մարդիկ հատուկ սխալներ են թույլ տալիս, որպեսզի կենդանություն, բնականություն հաղորդեն երաժշտական կատարմանը, որպեսզի այն ավելի մարդկային լինի, որպեսզի ձևը չլինի ավելի զորեղ, քան էությունը: Երբեմն ձևը վարդագույն դրսևորումների է հասնում և ճնշում է բովանդակությանը: Ես սրան դեմ եմ: Մենք ունեցել ենք ընդամենը երկու միլիոն դրամ: Դրանով և՛ քսանյոթ հոգու բեմական հագուստ ենք կարել, և՛ բեմական ամբողջ կահավորանքն ենք պատրաստել (ըստ որում՝ մեր ձեռքերով), և՛ անգամ հարկերն ենք մուծել: Բայց տեսնում եք, որ փողը չի ամեն բան որոշում: Այդ փոքր գումարով էլ հնարավոր եղավ նորմալ, գեղեցիկ գործ անել: Իսկ արտերկրյա ծրագրերի մասին հիմա չեմ ուզում շատ խոսել, որովհետև առայժմ դրանք հստակ չեն: Նախագծեր ունենք Իտալիայի, Իսպանիայի հետ: Հիմա պատրաստում եմ «Զուգահեռ» ներկայացման ձայնագրությունը, պատրաստ է տեսագրությունը, որն արվել է «Շողակաթ» ստուդիայում: Շուտով կունենանք տեսաֆիլմ, որը կներկայացվի հեռուստատեսությամբ և կուղարկվի բազմաթիվ թատերական փառատոների: Կարծում եմ, ո՛չ, համոզված եմ, որ այն հաջողություն կունենա: Մեզ մոտ յուրաքանչյուրն սպասում է, որ իրենից առաջ մեկ ուրիշը կարծիք, գնահատական հնչեցնի, ապա նոր ինքը հայտնի իրենը: Ապահովության համար չեն հավանում. հանկարծ կարող է ստացվել այնպես, որ իրենց հավանածն անարժեք բան դուրս գա: Ես կարծում եմ, որ դա նախասիրությունների, ճաշակի հարց է: Իսկ ո՞վ է հարցրել՝ ինձ դո՞ւր է գալիս այն ամենը, ինչ արժանանում է համընդհանուր հավանության և նվաճում մեծ լսարաններ:
-Դուք տարիներ առաջ Կոմիտասի ստեղծագործությունների հիման վրա հեռուստահոլովակներ նկարահանելու նախագիծ ունեիք: Ի՞նչ փուլում է այդ աշխատանքը:
-Այդ մասին խոսում եմ երևի ութ տարի շարունակ: Մի կերպ կարողացանք հաստատել ծրագիրը, և այս գործում ուզում եմ շեշտել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի դերը: Նրա կողմից տեսնում եմ հստակ հետաքրքրություն մեր արածի նկատմամբ: Պատահական չէ, որ այդքան տարիներ խոսելուց հետո հիմա նոր հաստատվեց մեր ծրագիրը: Գաղտնիք չէ, որ ամենամեծ լսարանն ունի հեռուստատեսությունը: Եվ քանի՞ վայրկյան է հեռուստացույցով հնչում Կոմիտաս: Իսկ այն, ինչ շատ հազվադեպ հնչում է, չունի պատշաճ որակ: Համերգը դահլիճից ուղղակի նկարում են ու տալիս եթեր՝ ցածր որակով, անտանելի ձայնով, վատ պատկերով: Դա հակագովազդ է: Ավելի լավ է բոլորովին ցույց չտան: Դա շատ դժգույն է դիտվում այն ցածրորակ երգերի հիման վրա նկարված թանկարժեք հոլովակների կողքին, որոնք մենք եթերում տեսնում ենք անվերջ: Մեր կոմիտասյան փոքրիկ ֆիլմերը կսկսենք նկարել աշնանը: Դրանց տևողությունը լինելու է մոտավորապես վեց րոպե, բայց այնպես պիտի նկարվեն, որ հնարավոր լինի ցուցադրել նաև հատվածաբար: Շատ կցանկանայի, որ Կոմիտասի հոբելյանական տարում նմանօրինակ նախագծերով հանդես գային նաև այլ երգչախմբեր, որովհետև այդ գործը մնացել է ուշադրությունից դուրս: Մեր՝ երգչախմբերի պարագայում գործելու, գոյատևելու միակ արդարացումն այն է, որ անընդհատ ներկայացվի հետաքրքիր նյութ, հնչեցվի այնպիսի խմբերգային երաժշտություն, որը, բացի տրադիցիոն լինելուց, նաև ունի հեռանկար: Ես ուզում եմ՝ իրականացվեն հեռանկարին ուղղված ծրագրեր: Գուցե և դրանք ունենան փոքրաքանակ ունկնդիր, փոքր լսարան, բայց կարծում եմ, որ այնուամենայնիվ, փոքր լսարանի իրավունքները պետք է հարգել: Միայն մեծ լսարանը հարգելը սխալ է: Յուրաքանչյուր ճաշակի տեր մարդ պետք է իր իրավունքը հարգված զգա: Եթե 30-40 հոգի ունեին այլ կարգի ճաշակ, քան մյուսները, եթե նրանք ուզում են համերգից հեռանալ ոչ միայն հաճույքի զգացողությամբ, այլև բազմաթիվ ուրիշ տրամադրություններով, ապա պետք է հարգել նրանց ցանկությունը: Չէ՞ որ համերգը կարող է մարդուն ոչ միայն սոսկ հաճույք պատճառել, այլև մղել խորհելու, բացահայտումների: Ես կուզենայի, որ մեր համերգից հետո ունկնդիրն ունենար այդպիսի զգացողություններ:
Զրույցը` Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ